Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ուղևորներից 3-ը մահացել են

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Մինչ վթարի վայրում փորձում էին տեղազննություն կատարել նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 3 հոգի մահացել են:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ա. Քոթանջյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածները անչափահասներ են:

Related posts

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափ. օգնության են հասել փրկարարները

Կլինեն հոսանքազրկումներ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ