Շիրակի մարզպետի շնորհավորանքը՝ Գյումրու օրվա առթիվ

ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ գյումրեցիներ, իմ շատ սիրելի համաքաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի` Գյումրու օրվա առթիվ: Այս տարի քաղաքի օրը՝ «Իմ սիրուն Գյումրի» խորագիրն է կրում, որով ևս մեկ անգամ ընդգծելու ենք մեր անկրկնելի ծննդավայրի բացառիկությունը, Գյումրուն բնորոշ համն ու հոտը, ջերմությունն ու հյուրասիրությունը։
Արվեստի, արհեստի, հումորի, թասիբի, ձգտումի քաղաք է Գյումրին, որը չսիրել չի լինի, որով չհիանալ չի լինի։ Գյումրու ամեն փողոց իր պատմությունն ունի, ամեն անկյունն` իր կոլորիտը։ Պարզ վեհության, միաժամանակ՝ խորհրդավոր պարզության քաղաք է Գյումրին` իր պատմությամբ, հնամյա շենքերով, թաղերով, թատրոնով, լեզվով, խոսքով, ուրույն ու սուր մտքերով։
Այո՛, մեր քաղաքը շատ փորձություններով է անցել, հոգսի տակ տնքացել, բայց երբեք չի ծնկել։ Գյումրեցին իրեն վայել պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է դուրս եկել խնդիրների դեմ և կարողացել է դրանք հաղթահարել ու շարժվել առաջ։ Հիմա էլ առաջ գնալու, առաջ նայելու ու առաջ շարժվելու ժամանակն է։
Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի քաղաք»։

 

Related posts

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան