Շիրակի մարզպետը ծանոթացել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու և իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այցելել է Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի մանկապարտեզ և Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տուն։
Շիրակ բնակավայրում ընթացքի մեջ են 46 երեխայի համար նախատեսված 2 խմբասենյակով մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 74 մլն 122 հազար դրամ, գումարի 60 տոկոսը տրամադրելու է պետությունը, 40-ը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ույուտ Սենթր» ՍՊԸ-ն։
Մարզպետին է ներկայացվել նախագիծը, ծրագրի ընթացքն, ինչպես նաև առաջիկա անելիքները։ Նազելի Բաղդասարյանը կարևորել է աշխատանքների նորմալ իրականացումն ու նաև ենթակառուցվածքների լիարժեք կառուցումը։
«Յուրաքանչյուր ծրագրի դեպքում պետք է խնդրի լուծումն ամբողջական դիտարկենք, այլ ոչ՝ հատվածական։ Եթե խոսում ենք մանկապարտեզի կառուցման մասին, ապա պետք է նաև քննարկվի ու քայլեր ձեռնարկվի բոլոր ենթակառուցվածքների առումով»,- նշել է Շիրակի մարզպետը։
Մարզային իշխանությունները հետևել են նաև Փանիկի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Սուբվենցիոն ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին, աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով։ Ծրագրի առաջին փուլի արժեքը 65 մլն 518 հազար դրամ է, շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինարար-97» ՍՊԸ, գումարի 45 տոկոսը կհատկացնի պետությունը, 55-ը՝ համայնքը։ Երկրորդ փուլով մշակույթի տան նորոգման համար նախատեսվել է 100 մլն դրամ՝ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Related posts

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը