Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Շիրակի մարզում հուլիսի 26-ին վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնել է տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Մեղադրյալներ Արմեն Տոնոյան (ՀՀ քրեական օրենսգրքի 342֊րդ հոդվածի 3֊րդ մաս), ով հանդիսացել է վարորդը, Արման Ալեքսանյան (ՀՀ քրեական օրենսգրքի 474֊րդ հոդվածի 1֊ին մաս), ով ըստ մեղադրանքի` մեղադրյալ Արմեն Տոնոյանին աջակցել է փախչել դեպքի վայրից, ապա վերջինիս անցկացրել է Բավրայի սահմանակետով` ինչով նպաստել է, որպեսզի մեղադրյալ Արմեն Տոնոյանը տևական ժամանակ թաքնվի վարույթն իրականացնող մարմնից։

Նշանակվել են նախնական դատալսումներ, որը տեղի կունենա վաղը` 18.11.2024թ., ժամը` 16։30-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Գյումրի քաղաքի նստավայրում` դատավոր Ա. Գեղամյանի նախագահությամբ։

Հարկ է նաև նշել, որ սույն քրեական վարույթով թույլ էին տրվել խախտումներ, ուստի, մի շարք պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որի վերաբերյալ մանրամասները լրացուցիչ կհրապարակեմ»,- հայտնել է նա։

Ինչպես հայտնի է, 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, բախվել էին «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 8-ամյա որդին տեղափոխվել էր «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ գիտակցության չգալով՝ ևս մահացել էր:

Սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ա. Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:

Տոնոյանը վթարից հետո հատել էր Հայաստանի սահմանը՝ գնալով Վրաստան։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան