Շարունակվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները՝ հումանիտար բեռն Արցախ հասցնելու ուղղությամբ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները ցավոք սրտի շարունակում են գտնվել Գորիս քաղաքում և դեռևս անհնարին է հասցնել Արցախ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։

«Տեղեկացնում ենք նաև, որ շարունակվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ: Բարեգործական բեռն Արցախ տեղափոխելու հնարավորության դեպքում այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների»,- հայտնում են շտաբից:

Related posts

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ

Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացել է