Շարունակելու ենք զարգացնել ու խորացնել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը. Շոյգու

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի 28-ին Մոսկվայում հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: «Մենք կքննարկենք հարցեր, որոնք առնչվում են տարածաշրջանային անվտանգությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, ինչպես նաև, անկասկած, բոլոր սուր խնդիրները, որոնք ծագել են տվյալ պահին»,- ասել է Շոյգուն:

Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Նրա գնահատմամբ՝ երկու երկրների հարաբերությունները շատ լավ են զարգանում:

Հանդիպման մեկնարկին Շոյգուն նկատել է, որ ՌԴ-ն և ՀՀ-ն ամրապնդում են ռազմական փոխգործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակում՝ նախ և առաջ ՀԱՊԿ-ում:

«Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշն է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, որը կարևոր գործոն է համարվում տարածաշրջանի անվտանգության պահպանման հարցում»,- նկատել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նա շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և ողջ հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են բարձր մակարդակի վրա մնալ: «Մենք շարունակելու ենք զարգացնել ու խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը»,- հայտարարել է Շոյգուն:

Related posts

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր

Սահմանափակվել է ՌԴ-ից միայն մեկ տեսակի պաղպաղակի` մարտի 3-ի խմբաքանակի ներմուծումը․ ՍԱՏՄ-ն հորդորում է խուսափել շահարկումներից