Շարմ Էլ Շեյխում ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք հարցը. Միրզոյանը՝ Բաքվում պահվող անձանց ազատ արձակման մասին

Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում՝ էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաներում, այդուհանդերձ, մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման և հավելյալ ջանքերի կարիք են զգում. լուծված չեն, ըստ էության, այս պահի դրությամբ: Դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդառված անձանց ազատ արձակման հարցն է: Այդ մասին Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե երրորդ երկրները մասնակցում են պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցմանը:

«Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ՝ ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված և դուրս եկած կլիներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը:

Ինչպես միշտ, այս պահին ևս ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք: Համենայն դեպս, մենք չենք դադարեցնում մեր ջանքերը, և բառացիորեն երեկ՝ Շարմ Էլ Շեյխում տեղի ունեցած խաղաղության գագանթնաժողովի շրջանակներում, մեր ադրբեջանցի գործընկերների հետ կրկին քննարկել ենք այս հարցը: Հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման հարցում երրորդ երկրների մասնակցությանը, Միրզոյանը պարզաբանեց. «Կարևոր է հատկապես հաշվի առնել այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանում, իսկ գիտեք, որ մեր աշխատանքներն այդ ուղղությամբ այս խողովակով էին արվում, և այժմ, այո՛, այդ հարցը շատ արդիական է, և այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել:

Իսկ առհասարակ այս թեմայի համատեքստում ուզում եմ ասել, որ մեր աշխատանքները չեն բացառվում, անշուշտ: Հարցը մշտապես առկա է երրորդ երկրների հետ մեր շփումների ընթացքում: Բայց առաջնային խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են: Կարծում եմ՝ սա էլ կարևոր հանգամանք է»:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ