Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ բանակի օրվա առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին՝ Բանակի օրվա առիթով: Դարերի ընթացքում մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։ Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների խրոխտ զավակներ, նույն խիզախ ոգով հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի, և շատեր իրենց կյանքը նվիրեցին՝ ի սեր հայրենյաց և ազգի։

Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում։ Ստեղծված նոր մարտահրավերներին ընդառաջ, հավատում ենք, աշխարհասփյուռ ազգս հայոց առ Աստված ապավինությամբ և մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի բարօր ու շեն կյանքը Արցախում և Հայաստանում՝ նաև ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի։

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Իր խնամքի ներքո պահպանի հայրենիքի պաշտպան Մեր սիրեցյալ զավակներին և շնորհի անվտանգ ծառայություն։ Թող Տերն Ամենակալ Իր օրհնությունն ու ողորմությունը տարածի համայն մեր ժողովրդի վրա ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ. ամեն»:

Related posts

Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության փուլերից մեկին

Իրանի և Ադրբեջանի սահմանին մեկնարկել է Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը