Նռնակը տեղադրել է համագյուղացու կցորդիչի վրա. այն պայթել է՝ պատճառելով բազմաթիվ բեկորային վնասվածքներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մալիշկա գյուղի 61-ամյա բնակիչը, անձնական հարցերի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. մարտի 7-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, գնացել է վերջինիս առանձնատան հարակից տարածք, որտեղ իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված ու պահված՝ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված, «ՈՒԶՌԳ» տեսակի պայթուցիչով «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչի բռնակը մալուխով կապել է նռնակին, այնուհետև նռնակը բերելով մարտական վիճակի՝ այն տեղադրել է համագյուղացուն պատկանող կցորդիչի առջևի լծակի վրա, որպեսզի կցորդիչի շարժման դեպքում պայթուցիչը գործարկվի, և նռնակը պայթի:

Հաջորդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ավտոմեքենային միացնելու նպատակով համագյուղացին շարժել է կցորդիչը, որի հետևանքով նռնակը գործարկվել է ու պայթել՝ վերջինիս պատճառելով բազմաթիվ բեկորային վնասվածքներ:

Պարզվել է նաև, որ վերոնշյալ նռնակից բացի, 61-ամյա տղամարդն ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել նաև այլ զենք ու զինամթերք, որոնք վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 61-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան