Նոր փոփոխություններ կկատարվեն ԱԱԾ մարմիններում ծառայության վերաբերյալ․ տարիքի շեմը փոխվելու է

ԱԱԾ-ն առաջարկում է փոխել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» գործող օրենքը։ Նշվում է, որ օրենքում կիրառվող մի շարք հասկացություններ այլևս արդիա­կան չեն, չեն համապատասխանում ՀՀ գործող օրենսդրությամբ ամրագրված ձևա­կեր­պումներին, ուստի ներ­կայացված նախագծի նպատակն է վերացնել ստեղծված անհամապատաս­խա­նու­թյուն­ները: Մասնավորապես, խոսքը ՀՀ աշխատանքային, ինչպես նաև զինվորական ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ կիրառվող ձևակերպումների մասին է:

Վերոգրյալի հաշվառմամբ նախագծով.

1. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է բարձրացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը՝ 2 տարով:

2.Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է ազգային անվտան­գության մարմիններում ծառայության ժամկետը մինչև 10 տարով երկարաձգելու հնարավորությունը նախատեսել նաև ազգային անվտանգության մարմիններում բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար:

3.Օրենքի 26-րդ հոդվածում՝ կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերում առաջարկվում է լրացնել նաև ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, պաշտոնից ազատելու դեպքը: Միաժամանակ, կադրերի տրամադրության տակ ծառայողին թողնելու կարգը կսահմանվի ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով, որի համար օրենքով կնախատեսվի համապատասխան լիազորող նորմ:

4․ 28-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել արտահերթ ատեստավորման անց­կաց­ման հնարավորություն՝ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա։

5․ 47-րդ հոդվածում որպես ծառայությունից արձակելու հիմք առաջակվում է նախատեսել նաև ծառայողի կողմից դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարելը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։

6․ Նախագծերով առաջարկվում է կատարել նաև մի շարք խմբագրական փոփո­խու­թյուն­ներ՝ հաշվի առնելով ՀՀ գործող օրենսդրությամբ ներկայումս կիրառվող իրավական ձևակերպումները և կարգավորումները:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ