«Նյութն անցնում է ոսկորի մեջ, «ուտում» այն, այրում ամեն հատված». FRANCE 24-ը ռեպորտաժ է պատրաստել ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառումից տուժած զինվորների մասին

Ֆրանսիական FRANCE 24 English լրատավականը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման հետևանքով խոր այրվածքներ ստացած զինվորների և նրանց վիճակի մասին՝ նշելով, որ նման այրվածքներով այժմ տասնյակ զինվորներ են հիվանդանոցներ տեղափոխվել:

Տեսանյութում բժիշկները նշում են, որ տվյալ զինատեսակի կիրառման հետևանքով ստացված այրվածքները տարբերվում են սովորական ու դասական բոլոր այրվածքների տեսակներից:

«Նյութն անցնում է ոսկորի մեջ, «ուտում» այն, այրում ամեն հատված»,-պատմել է ֆրանսահայ բժշկուհի Էլիս Պողոսյանը: Նշվում է, որ բացի արտաքին ազդեցությունից այս նյութերի հետևանքով արյան մեջ իոնների հետ կապված խնդիրներ են առաջանում, ինչն էլ հանգեցնում է կալցիումի մակարդակի պակասի, դրա հետևանքով էլ վիրավորների մոտ ի հայտ են գալիս նյութափոխանակության հետ կապված խանգարումներ, սրտանոթային խնդիրներ:

«Այս զինատեսակն այնքան սարսափելի է, որ վնասում է ոչ միայն դրա հետևանքով վիրավորվածին, այլևս նրան օգնել փորձողին: Եթե ինչ-որ մեկը փորձի օգնել վիրավորին, նա նույնպես այրվածք կստանա, եթե պաշտպանիչ հագուստ չունի»,- նշել է բժիշկներից մեկը և հավելել, որ քիմիական հիմքով այդ ֆոսֆորը թոքերի վրա նույն ազդեցությունն է ունենում, ինչ արտաքին մաշկի վրա:

Ցուցադրվում է նաև քիմիական զենքի կիրառման՝ հայկական կողմի հրապարակված տեսանյութը և նշվում, որ ադրբեջանական կողմը, չնայած բոլոր ապացույցներին, շարունակում է հերքել զենքի կիրառման փաստերը:

Related posts

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. Կիրանց գյուղ մեկնած զինծառայողներն ուղերձով դիմել են հանրությանը

Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ

Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը