Նման ծանր հանցանքները խարխլում են հասարակական անվտանգությունը և վտանգում իրավունքի գերակայության երաշխիքները. ՄԻՊ-ը՝ Մերձավանի սպանությունների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքը, ինչի հետևանքով սպանվել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և Ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը:

«Նման ծանր հանցանքները խարխլում են հասարակական անվտանգությունը և վտանգում իրավունքի գերակայության երաշխիքները։ Անհրաժեշտ է ապահովել դեպքի շուտափույթ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ մեղավոր անձանց անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու համար։

Պետությունը պետք է ունենա պատշաճ կառուցակարգեր նման դեպքերը կանխարգելելու համար և անընդհատ կատարելագործի դրանք:

Մարդու իրավունքների պաշտպանն իր զորակցությունն է հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին»,- ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Related posts

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնել

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները