Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. եռակողմ խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել

Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքները փոխանցել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով հեռախոսազանգի համար և ընդգծել, որ բարձր է գնահատում ՌԴ նախագահի ջերմ, բարեկամական վերաբերմունքը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը:

ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության՝ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդրին, և եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ տպավորություններ է կիսել Բրյուսելյան վերջին հանդիպումից և մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով:

ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան՝ զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան