Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առիթով:

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշանակալից տոնի, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի խորը նվիրվածությունը պետականության ակունքներին:

Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի։ Մեր երկրների ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերի շուրջ ընդգծում է մեր ժողովուրդների միջև փոխշահավետ հարաբերությունները խորացնելու մեր ընդհանուր մտադրությունը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։

Վստահ եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը, հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ տոնի առթիվ և մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ, իսկ ՌԴ եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»:

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշանակալից տոնի, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի՝ ինքնիշխան և ուժեղ պետություն կառուցելու հաստատակամությունը։

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գալիս են պատմության խորքից։ Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը, որպեսզի այսուհետ ևս ապահովենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ ի շահ մեր պետությունների ժողովուրդների փոխշահավետ խոստումնալից նախագծերի իրականացման միջոցով։

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ ՌԴ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան