Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին և վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ Բին Խալիֆա Բին Աբդուլազիզ Ալ Թանիին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

«Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։

Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, և մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում՝ քննարկելու հայ-կատարական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները և հեռանկարները:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը», – նշված է Կատարի Պետության էմիրին ուղղված ուղերձում:

Կատարի Պետության վարչապետին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Կատարի Պետության Ազգային տոնի առթիվ Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ շարունակական բարգավաճում և առաջընթաց։

Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը։ Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում հայ-կատարական կապերի և համագործակցության խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան