Նիկոլ Փաշինյանը բացահայտեց՝ ինչու է ազատել պաշտոնից ՊՆ նախկին ղեկավար Արշակ Կարապետյանին

Արշակ Կարապետյանը գոնե իմ պաշտոնավարման ընթացքում և գուցե նաև Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած ՊՆ ղեկավարն է: Նա եղել է ԳՇ պետի առաջին տեղակալը, և եղել են 2021 թվականի մայիսի իրադարձությունները: Հետո նա եղել է պաշտպանության նախարար, բայց եղել են 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները, և ես որոշում եմ կայացրել նրան հանել աշխատանքից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե «Փաշինյանը Կրեմլի ցուցումով պաշտոնի է նշանակել Արշակ Կարապետյանին»:

Փաշինյանն ամենևին չհերքեց, որ նրան պաշտոնի նշանակելիս անտեսված չի եղել նրա «հատուկ ու մոտ» հարաբերությունները ՌԴ մի շարք անձանց և շրջանակների հետ: Ըստ Փաշինյանի՝ պատճառն այն է, որ բարդ իրադրությունում հաճախ են իրենք իրենց հարց տալիս՝ գուցե ինչ-որ բան սխա՞լ են անում, կամ գուցե պետք է լրացուցիչ ժեստե՞ր անել, որպեսզի անվտանգային համակարգերը սկսեն գործել:

Այս համատեքստում Փաշինյանը նաև մանրամասնեց, թե ինչու է որոշում կայացրել Արշակ Կարապետյանին ազատել պաշտոնից:

«Ուզո՞ւմ եք՝ ասեմ, թե ինչն է եղել պատճառը: 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար (երկու տարբերակ կա), կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ, տեղյակ լինելով, ինձ չի զեկուցել: Նման իրավիճակներում ես որևէ մեկին նույնիսկ կես ժամ չեմ հանդուրժի այդ պաշտոնում: Սա է ամբողջ պատմությունը»,- ասաց նա:

Related posts

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Արդեն բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն. ՀՀ վարչապետ

Ուղեկցել եմ ՀՀ վարչապետին Թուրքիա կատարած նշանակալի այցի ընթացքում. Միրզոյան