Ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ և առերևույթ առևանգել մի կնոջ. քրեական վարույթ է նախաձեռնվել

2024 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:58-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երկու անձինք Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 7/2 հասցեից՝ մի կնոջ, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, նստեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:

«Դեպքի առթիվ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 453-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերցվել են տարածքը տեսանկարահանող սարքերի՝ դեպքին վերաբերելի տեսագրությունները և զննության ենթարկվել։ Հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։

Ըստ նախնական տվյալների՝ տուժողն իր հարազատների հետ «Սան Մարկո» լողավազանում գտնվելու ընթացքում նրանց են մոտեցել սև հագուստով, ամբողջությամբ ծածկված և դիմակավորված երկու անձինք, ներկայացել որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից։ Սկսել են խոսել կնոջ հետ, որի ընթացքում նրան արագ լողավազանի տարածքից տեղափոխել են ավտոկայանատեղի և այնտեղից ավտոմեքենայով հեռացել նշված վայրից։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում ինչպես տուժողին, այնպես էլ՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Այդ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում