ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ

Օգոստոսի 25-ին ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնակցել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Օրակարգում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՆԳՆ ոստիկանության ծառայության կազմակերպումն է եղել։

Կամո Ցուցուլյանը հանձնարարել է սեպտեմբերի 1-ից հանրապետության ուսումնական հաստատություններում և հարակից տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ներգրավելով Ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների ծառայողներին։ Նրա խոսքով՝ չպետք է սահմանափակվել միայն դպրոցների մուտքերի մոտ հերթապահությամբ, այլև իրականացնել նաև շրջիկ ծառայություն։

Կամո Ցուցուլյանը նշել է, որ խցանումների կանխման, երթևեկության անխափան կազմակերպման և անչափահասների անվտանգ տեղաշարժի ապահովման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ուժեղացնել հսկողությունը սպասարկվող տարածքներում։

Ընդգծվել է անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը՝ ուշադրության կենտրոնում պահելով անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ հնարավոր իրավախախտումների կանխարգելումը։

Կամո Ցուցուլյանը նշել է, որ պետք է հետևողականորեն պահպանել ծառայողական կարգապահությունը՝ ընդգծելով Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարների անձնական պատասխանատվությունը ծառայության պատշաճ կազմակերպման գործում։

Խորհրդակցության ավարտին Կամո Ցուցուլյանը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ։

Related posts

Պայթյnւն Գյումրիում

Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է

Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան