ՆԳՆ-ն՝ Նոր Արեշում պայթյունի մասին

Փետրվարի 5-ին` ժամը 11.36-ից սկսած, 911 ահազանգման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի և փլուզման վերաբերյալ։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության երեք մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ (այդ թվում՝ կինոլոգ), ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հերթապահ և օպերատիվ խմբերը, Հայկական Կարմիր խաչի կամավորներ ու Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ավտոկռունկը։

«Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, վնասվել են տներ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 180 փրկարարական ծառայող, նաև Հայկական Կարմիր խաչի 15 կամավոր։ Փլատակներից դուրս են բերվել և բուժօգնության տեղափոխվել վնասվածքներով երկու քաղաքացիներ՝ 1994 թ. ծնված Հրանտ Սարգսյանը և 1938 թ․ծնված Ռոզա Նազարյանը:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են, և ժամը 16:05-ին փլատակներից դուրս են բերվել Գայանե Եղոյանի ու Հայկ Սողոմոնյանի դիերը:

Պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։

Դեպքի վայրում Փրկարար ծառայության և Հայկական Կարմիր խաչի հոգեբանները մահացածների հարազատներին ցույց են տվել հոգեբանական աջակցություն։ Տեղում հերթապահել է շտապօգնության երկու բրիգադ, պարեկային ծառայողները սահմանազատել են տարածքը, հսկողության են վերցրել դեպքի վայր տանող ճանապարհները։

Ժամը 16.05-ին ՓԾ տնօրենի կարգադրությամբ բոլոր ուժերը վերադարձել են տեղակայման վայրեր։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Պայթյունի պատճառն ու այլ հանգամանքներ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում