Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին:

Ողջունելով հյուրին նախագահը շեշտել է, որ աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Կարծում եմ՝ մեր պետության մեջ իրականացվող բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է լինելու նաև, թե ինչպիսին են այդ բարեփոխումները լինելու դատական համակարգում: Ամենաշատ սպասելիքները հենց այդ համակարգից են, և ես հույս ունեմ, որ Ձեր գլխավորությամբ Բարձրագույն դատական խորհուրդն իսկապես հաջողությունների կհասնի և մենք՝ որպես քաղաքացիներ վստահ կլինենք, որ իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում իսկապես արդարադատություն կիրականացնի»:

Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.
«Պարոն նախագահ, նախ շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, հանդիպման համար: Նաև ուզում էի ասել, որ լրանում է իմ պաշտոնավարման առաջին կիսամյակը, և մեր այսօրվա հանդիպման ժամանակ Ձեզ որոշ մանրամասներ կներկայացնեմ, թե ինչ հաջողվեց անել այս առաջին կիսամյակում»:

Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահն անդրադարձել է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին և վերջիններիս առնչությամբ Հանրապետության նախագահին է ներկայացրել մի շարք մանրամասներ, ինչպես նաև ԲԴԽ կողմից իրականացվող համալիր ծրագրերն ու արվող քայլերը:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն