Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսը:

Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք: «Այս տարի մեզ համար նշանակալի տարի է: Մենք նշելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին և Ձեր նշանակումը կարծում եմ՝ շատ խորհրդանշական է այդ առումով: Կարծում եմ՝ մենք միասին ամեն ինչ կանենք, որ մեր հարաբերություններին նոր շունչ տանք և օգտագործենք մեր երկու պետությունների, ժողովուրդների ներուժը՝ հանուն մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման»,- ասել է նախագահը:

Դեսպան Վելասկեսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Ինձ հետ բերել եմ Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի, ինչպես նաև ողջ Վենեսուելայի ժողովրդի ջերմ ողջույնները»:

Հանդիպմանը քննարկվել են հայ-վենեսուելական հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի և Վենեսուելայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լավ առիթ է երկկողմ փոխգործակցության զարգացման, քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացման համար:

Երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը: Դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսը շեշտել է, որ Վենեսուելայում Հայաստանի Հանրապետության դեսպանի սպասվող նշանակումն իր կարևոր դերակատարությունը կունենա երկու երկրների միջև շփումների սերտացման և հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ընդհանուր իրադրությանն, ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանն ու տարածաշրջանային հիմնախնդիրներին: Երկուստեք շեշտվել է հակամարտությունների խաղաղ և առանց ուժի սպառնալիքի կարգավորման հրամայականը:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի