Նազելի Բաղդասարյանը ծանոթացել «Արթիկի բժշկական կենտրոնի» աշխատանքներին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկում, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, «Արթիկի բժշկական կենտրոնի» տնօրենի ուղեկցությամբ Նազելի Բաղդասարյանը շրջել է բժշկական կենտրոնում, հետևել և ծանոթացել աշխատանքներին։
Մարզպետին զեկուցվել է, որ հաստատությունն ունի 25 մահճակալ հզորություն, որից 15-ը վիրաբուժական է, 10-ը՝ սոմատիկ, 7 նեղ մասնագիտական և 4 դիսպանսեր կաբինետ։ Հիվանդանոցն այս պահին աշխատում է 85 տոկոս ծանրաբեռնվածությամբ։
Մարզպետը հետաքրքրվել է հիվանդանոցի վճարովի ծառայությունների մատուցման ցուցանիշներով, որի վերաբերյալ տնօրենը տեղեկացրել է, որ մինչ օրս մատուցվել է շուրջ 55 մլն դրամի ծառայություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 11 մլն դրամով։
«Մեզ համար կարևոր նախապայմանը բնակչության բուժսպասարկման որակն է, հատկապես մարզկենտրոնից դուրս նրանց լիարժեք սպասարկումը, ամեն ինչ պետք է անենք առաջնային բուժսպասարկման որակն ապահովելու, մեր քաղաքացիների հոգսերը թեթևացնելու համար»,- շրջայցի ժամանակ նշել է մարզպետը։
Մարզպետը եղել է նաև «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում», որտեղ իրականացվում է Արթիկի տարածաշրջանի ծննդատնային և մանկական հիվանդությունների հիվանդանոցային բուժօգնությունը և կանանց կոնսուլտացիան, շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքներին։
Հանդիպումների ժամանակ մարզպետն անդրադարձել է կառավարության՝ առողջապահության բնագավառի զարգացմանը միտված ծրագրերին և կարևոր ձեռնարկներից համարել այն հանգամանքը, որ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով Արթիկի բժշկական կենտրոնն ընդգրկվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան գործող բժշկական հաստատությունների շենքերի կառուցում, վերակառուցում ծրագրում։ Համայնքի ավագանին արդեն 1.5 հա մակերեսով տարածքի տրամադրման հարցում որոշում կայացրել է, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել իրականացնել նոր կառուցվելիք բժշկական կենտրոնի տարածքի երկկողմանի մոտեցման ճանապարհների հիմնանորոգման, լուսավորության ցանցի անցկացման և համապատասխան ենթակառուցվածքների կառուցման հարցում։ Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են բժշկական կենտրոնի կառուցման համար նախատեսված տարածքում։
Նշենք, որ կառավարության որոշմամբ գումար է հատկացվել բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացղման համար, դրանք այժմ ընթացքի մեջ են։

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան