Մսուրների առումով ԿԳՄՍ նախարարությունը նոր ծրագիր է սկսում. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձավ մանկապարտեզների հետ կապված նախարարության ամենակարևոր ցուցանիշներից մեկին, որը երեխաների ընդգրկվածությունն է նախադպրոցական կրթության ոլորտում:

Նախարարի խոսքով՝ այս մասին նախկինում առիթ ունեցել է խոսելու, որ 2017 թվականի համեմատ շուրջ 20 տոկոսով ապահովել են 3-5 տարեկան երեխաների աճ նախադպրոցական կրթության ոլորտում:

«Ոչ միայն շուրջ 20 տոկոսով ավելի երեխաներ են ընդրգկված կրթության մեջ, այս պահին 75 տոկոսի մասին ենք խոսում, այլ  նաև երեխաներն ավելի երկար ժամանակ են անցկացնում մանկապարտեզում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը՝ հայտնելով, որ նախարարությունը մսուրների առումով նոր ծրագիր է սկսում:

«Ունենք արդեն 1 տարեկանից սկսած ու նաև 6 ամսականից սկսած երեխաների համար նախատեսված ծառայություններ. նախապատրաստական աշխատանքներն արված են, և ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից, ինչպես որ նախատեսված է»,- տեղեկացրեց նախարարը:

Խոսելով հանրակրթության ոլորտի մասին՝ Անդրեասյանը ուշադրություն հրավիրեց մի կարևոր ցուցանիշի՝ հանրակրթության ֆինանսավորման վրա:

«2024-ին հանրակրթության ծրագրին ուղղվել է ավելի քան 126,6 միլիարդ դրամ: Ի դեպ, 99,8 տոկոս կատարողականով, և այստեղ էապես ավելացել է դպրոցների ֆինանսավորումը, որը կազմել է շուրջ 113,9 միլիարդ դրամ, ինչը գերազանցում է 2023 թվականի համար ընդհանուր հանրակրթության ֆինանսավորումը 13,4 տոկոսով»,- նշեց նախարարը՝ հայտնելով, որ սա նաև նոր չափորոշչի ներդրման շնորհիվ է:

Խոսելով ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին՝ Անդրեասյանն ընդգծեց՝ կարողացել են ուսուցիչների շուրջ 20 տոկոսին այս ծրագրի շրջանակներում բարձրացված դրույքաչափով աշխատավարձի հնարավորություն տալ:

«Այս միջոցառման համար 2024-ին 6,2 միլիարդ դրամ է հատկացվել, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 1,9 անգամ: Առաջիկայում կտրվի կամավոր ատեստավորման դիմումների հայտարարությունը, ատեստավորման բուն գործընթացը նախատեսում ենք նոյեմբերին անցկացնել»,- հավելեց նախարարը՝ նկատելով, որ այս տարվա ցուցանիշներն ավելի բարձր են:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում