Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իրոք, մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումը անցկացրինք սահմանին, այս հանդիպմանը քննարկեցինք հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր, և այս առումով հանդիպումը բավականին կառուցողական եմ համարում։ Դեռևս համաձայնություն չկա սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի վերաբերյալ, սակայն կա հաստատում, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում»,- ասել է նա։

Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը։

Նրա խոսքով՝ հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, և հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի 11 հունվարի եռակողմ հայտարարությունների շրջանակում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր։

«Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա։

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը