Հունիսի լույս 22-ի գիշերը Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։ Քաղաքային իշխանությունները սկսել են հաղորդել խոցված անօդաչու թռչող սարքերի մասին Մոսկվայի ժամանակով 3:02-ին, իսկ Սոբյանինը վերջին ոչնչացված անօդաչուի մասին հայտնել է ժամը 5:07-ին։ Սոբյանինը չի հաղորդել հարձակման հետևանքների մասին։ Արդեն առավոտյան Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվային մոտենալիս խոցվել է ևս 11 անօդաչու թռչող սարք։ Գիշերը Մոսկվայի մարզի օդանավակայանները՝ Շերեմետևոն, Վնուկովոն, Դոմոդեդովոն և Ժուկովսկին, դադարեցրել են աշխատանքը անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով: Առավոտյան թռիչքների սահմանափակումները վերացվել են։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են ուկրաինական 301 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի, Տամբովի, Տվերի, Տուլայի և Սմոլենսկի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի և Ազովի, Սև ծովերի վրա։ Հիշեցնենք, որ հունիսի լույս 18-ի գիշերը և առավոտյան գրեթե 200 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր հարձակվել էին Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա։ Սա Ռուսաստանի մայրաքաղաքի վրա իրականացված ամենալայնածավալ հարձակումն էր պատերազմի սկսվելուց ի վեր։ Կապոտնյայում հրդեհվել էլ նավթավերամշակման գործարանը։ Մոսկվայի մարզի տարբեր քաղաքներում գիշերը տեղի ունեցած հարձակումների հետևանքով 8-ամյա աղջիկ էր մահացել, 17 մարդ վիրավորվել էր։