Մշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ

Թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում երեխաների առցանց անվտանգության ապահովումը շարունակում է մնալ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Այսօր կլոր սեղան-քննարկման ձևաչափով հանդիպում եմ ունեցել կապի օպերատորների ղեկավար կազմի, Իզմիրլյան հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ։
Հաշվի առնելով խնդրի միջգերատեսչական բնույթը՝ մենք արդեն իսկ սերտ համագործակցություն ենք նախաձեռնել պետական կառույցների և միջազգային գործընկերների հետ։ Այս պահին ձևավորված փորձագիտական խումբն իրականացնում է հետազոտություն, որի արդյունքում կներկայացվի գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ։ Մեր մշակած առաջարկները ներառելու են լուծումների լայն շրջանակ՝ սկսած իրազեկման մեթոդներից մինչև տեխնիկական և օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնք կբարձրացնեն երեխաների պաշտպանվածության մակարդակը։
Քննարկման ընթացքում կարևորել եմ կապի օպերատորների առանցքային դերը՝ որպես տեխնոլոգիական լուծումների ներդրման հարցում պետության առանցքային գործընկերների։ Միաժամանակ կարևորում ենք միջազգային առաջատար փորձի տեղայնացումը՝ լավագույն գործիքները Հայաստանում հասանելի դարձնելու նպատակով։
Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները և համատեղ աշխատանքն այս ուղղությամբ»,-նշել է նա։

Related posts

ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում