ՄԽ համանախագահները կոչ են արել վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ( ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) գոհունակությամբ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու նշել, որ հետևում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հայտարարության կատարման ընթացքին: Այս մասին համանախագահները հայտարարել են ապրիլի 13-ին տարածած հաղորդագրության մեջ:

«Համանախագահները ողջունում են զգալի ձեռքբերումները զոհվածների աճյունների վերադարձի հարցում  և շարունակական առաջընթացը հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակեցման գործում, մարդասիրական աջակցության տրամադրումն ու կյանքի պատշաճ պայմանների ապահովումը, ինչպես նաև կառուցողական քննարկումը՝ ուղղված տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Նրանք հիշեցրել են կողմերին, որ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր՝ մտահոգության առիթ հանդիսացող այլ հարցեր կարգավորելու և փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար՝ հանուն տևական խաղաղության:

«Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, առնչվում են բոլոր ռազմագերիների և մյուս ձերբակալվածների վերադարձին՝ համաձայն միջազգային հումանիտար օրենքի դրույթների, հակամարտության գոտիներում արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում և միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության խթանմանը, ժողովուրդների միջև վստահության կառուցմանը»,- նշել են համանախագահները:

Նրանք ընդգծել են, որ հատուկ ուշադրություն պետք է հատկացվի վերջնական համընդգրկուն և կայուն կարգավորման հաստատմանը՝ կողմերի համար հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա: «Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին ամենամոտ հնարավորության դեպքում վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք վերահաստատում են առաջարկը՝ իրենց հովանու ներքո կազմակերպելու ուղիղ երկկողմ խորհրդակցություններ, որպեսզի կողմերը վերանայեն և համաձայնության գան համատեղ կառուցվածքային օրակարգի շուրջ, որը կարտահայտի իրենց առաջնահերթությունները՝ առանց նախապայմանների»,- ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության գործունեությանն ու հնարավոր ընդլայնմանը՝ կոչ անելով կողմերին ապահովել լիակատար հասանելիություն ու աջակցություն: «Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան՝ այդ թվում և Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ գնահատման և միջնորդական դերակատարումն իրականացնելու համար»,- նշել են նրանք՝ հիշեցնելով, որ կողմերը պարտավոր են ապահովել անարգել հասանելիություն և համանախագահների տեղաշարժի առավելագույն ճկունություն՝ համաձայն մանդատի և նախկին պրակտիկայի:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան