Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում երկու նախարարների հանդիպման՝ հեռախոսազանգի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած միջազգային գործընկերների հասցեական ուղերձներին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հերթական անգամ դիմեց ուժի կիրառման, և Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևած շրջափակումից հետո ավելի քան 100 հազար հայ ստիպված էր լքել իր հայրենիքը և ապահով ապաստան գտնել Հայաստանում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները մաս էին կազմում նախապես ծրագրված էթնիկ զտումների քաղաքականության, որի մասին Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգում էր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերներին և նրանց իրավունքների հասցեագրման հարցերին:

Տարածաշրջանում անվտանգային ընդհանուր իրավիճակի համատեքստում ընդգծվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումների զսպման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Էստոնիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ»:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում