Միրզոյանը վերահաստատեց «Շուշիի հռչակագրի» առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը

Հայաստանի դիրքորոշումը Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել, Հայաստանի դիրքորոշումն արտահայտված է ԱԳՆ-ի՝ դեռ նախորդ տարվա հունիսին արած հայտարարությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին:

Պատգամավորն ընդգծեց՝ «Շուշիի հռչակագիրը» պարունակում է հակահայկական, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պարունակող դրույթներ, ապա հիշեցրեց, որ այն վավերացվել է Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների կողմից, դրանից հետո այն ստորագրվել է նաև Թուրքիայի նախագահի կողմից: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ՀՀ ԱԳՆ-ի 2021-ի հունիսի հայտարարությունից հետո որևէ գործողություն, արձագանք՝ ԱԳՆ-ի մակարդակով տրվե՞լ է, թե՞ ոչ:

Միրզոյանն ի պատասխան ընդգծեց. «ՀՀ դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել»:

Վարդևանյանը նկատեց՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությամբ գնահատական տրվել է, երբ այդ հռչակագիրը եղել է զուտ հռչակագրի մակարդակում, հետաքրքրվեց՝ երբ այն վավերացվել է, ստորագրվել , ինչ-որ իմաստով ավելի բարձր իրավաբանական մակարդակ է ստացել, արդյոք դրան չպե՞տք է հաջորդի մեկ այլ դիրքորոշում:

Միրզոյանը ընդունեց՝ պատգամավորի ասածի մեջ լուրջ տրամաբանություն կա: «Մենք պետք է հասկանանք, թե էլ ավելի դատապարտող, էլ ավելի սուր գնահատական տվող հայտարարությունն ի՞նչ է ավելացնելու և ո՞ւմ օգտին այս խաղի մեջ, եթե սա կարելի է խաղ անվանել»,- ասաց նախարարը:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք