Գործադիրը հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին: Ըստ հիմնավորման՝ Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող 3 մլն ԱՄՆ դոլար բյուջեով դրամաշնորհը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու մարզերի վրա՝ Շիրակի և Տավուշի, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ: Ըստ այդմ՝ տասը գյուղերի կտրամադրի կլիմայադիմացկուն էներգետիկ լուծումներ, որոնք, էներգիայի ծախսերը նվազեցնելու և խնայողությունները ավելացնելու միջոցով, ուղղված կլինեն համայնքներում խնայողությունների վերաներդրմանը՝ աջակցելով կայուն գյուղատնտեսությանը, կաջակցի գյուղական համայնքներում կենսամակարդակի բարձրացմանը կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տեղական եկամտաբեր ծրագրերի միջոցով, կնպաստի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ կլիմայի հարմարվողականության պլանավորմանն աջակցելու և գյուղատնտեսության ոլորտում կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր մշակելու համար:
Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև հաղորդակցությունը և համագործակցությունն իրականացնելու նպատակով: Եվրաջասթն ունի իրավասության լայն շրջանակ անդրազգային հանցավորության դեմ պայքարում, հետևաբար Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նախաձեռնված քրեական վարույթներով Եվրոպական միության անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել արդյունավետ համագործակցություն, իսկ ՀՀ դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում կնպաստի անհրաժեշտ հաղորդակցման արագությանն ու ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին:
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրին: 2 մլն եվրո դրամաշնորհը տրամադրվելու է ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից: Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը, դրա տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ից ներգրավվելու են վարկային միջոցներ՝ 10 մլն եվրոյի չափով:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Հիմնավորման համաձայն՝ 2022թ. ընթացքում Հարավային մաքսատուն-վարչությունում հայտարարագրվել է 373,000 տոննա բեռ, իսկ 2023թ. ընթացքում` 569,000 տոննա։ Ձևակերպված հայտարարագրերի քանակը 2022թ. կազմել է 8,100, իսկ 2023թ.` 14,300: Նշված բեռները 2022թ․ տեղափոխվել են 17,600 տրանսպորտային միջոցներով, իսկ 2023թ.` 29,900 տրանսպորտային միջոցներով: Կենտրոնի գործարկումը դրական ազդեցություն կունենա նաև մայրուղու երթևեկության վրա. Հարավային մաքսատուն-վարչության շրջակայքի տարածքի նեղ բնույթը պատճառ է հանդիսանում, որ բեռնատարները երբեմն ստիպված լինեն հերթ կանգնել հարակից մայրուղու վրա։ Ծրագրի իրականացմամբ ավելի լավ կկազմակերպվի երթևեկության հոսքը տվյալ տարածքում՝ լուծելով նշված խնդիրը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «RESILAND» Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: 2021-2030 թթ. Ազգային մակարդակով սահմանված գործողությունների շրջանակներում Հայաստանը պարտավորվել է մինչ 2030 թ. 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Ի հավելումն անտառվերականգնման աշխատանքներին՝ համաձայնագրով նախատեսվող ջրաճահճային տարածքների վերականգնումը կօգնի հասնել սահմանված առաջնահերթություններին՝ հաշվի առնելով նմանատիպ էկոհամակարգերում ածխածնի կլանման զգալի կարողությունները։ Համաձայնագրի շրջանակներում վերականգնման ենթակա անտառային և ջրաճահճային տարածքները՝ որպես արժեքավոր էկոհամակարգեր, ունեն առաջնային նշանակություն կենսաբազմազանության պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման տեսանկյունից։ Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկրի առաջնային խնդիրներից է նաև լքված և տիրազուրկ հանքավայրերի տեղամասերի առկայությունը. այդ տեղամասերից աղտոտող նյութերն արտահոսում են՝ բացասաբար ազդելով մարդկանց առողջության և կենսաբազմազանության վրա:
Հավանության է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն: Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը նաև պարտավորվում է, մասնավորապես, առանց ԱՄՆ-ի կառավարության նախօրոք գրավոր համաձայնության չփոխանցել ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, ուսուցման և ծառայությունների սեփականության կամ տիրապետման իրավունքը որևէ այլ անձի, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակներով, ապահովել դրանց անվտանգությունը, պաշտպանել դրանք յուրացումից կամ փոխակերպումից: