ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկած մշտադիտարկման այցերը Տավուշի մարզում: Առաջին օրն այցեր են իրականացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում:
«Մշտադիտարկման այցերի ընթացքում իրականացվել են առանձնազրույցներ և քննարկումներ համայնքների բնակիչների հետ։ Բնակիչների կողմից բարձրացված հարցերը նաև քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։
Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացմանը, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը, ինչով պայմանավորված՝ քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և պատասխանատուների հետ։
Վեր են հանվել, ինչպես անհատական բնույթի խնդիրներ անձանց առողջության պահպանման իրավունքի և սոցիալական իրավունքների վերաբերյալ, այնպես էլ համակարգային խնդիրներ՝ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների և անվտանգային հարցերի հետ կապված։
Մի շարք խնդիրների հետ կապված՝ Պաշտպանի իրավասության շրջանակներում տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ անհատական խնդիրների կարգավորման և դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակով, իսկ համակարգային խնդիրների հետ կապված՝ նաև պարզաբանումներ են պահանջվել տարբեր իրավասու մարմինների ներկայացուցիչներից:
Այցի արդյունքների մանրամասները կհրապարակվեն մշտադիտարկման այցերի ավարտից հետո»,- նշված է գրառման մեջ։

 

Related posts

Պարզվում են Սյունիքում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․ ՔԿ

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր