Մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ Միսնկի խմբի լուծարման օրակարգը մեզ համար ընդունելի է՝ միաժամանակ հասկանալով, որ խաղաղությունը, որը հաստատվում է, պետք է լինի ինստիտուցիոնալ կերպով. մենք դա տեսնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Հետևաբար, եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը կամ նույնիսկ ֆիքսում ենք այն օրը՝ շատ շոշափելի, տեսանելի, մոտ ապագայում, երբ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա մենք կարող ենք Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ քայլեր սկսել: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մյուս կողմից՝ ադրբեջանական կողմի վարանումն այս առումով մեզ հիմք է տալիս մտածելու (այսինքն՝ մենք չենք թաքցնում նաև մեր մտավախությունը), որ Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել, նպատակներ, որոնք կարող են խաթարել մեր տարածքային ամբողջականությունը:
Հետևաբար կրկին ուզում ենք համոզվել, որ վերջնական, համապարփակ, ինստիտուցիոնալ խաղաղություն ենք հաստատում, և այդ դեպքում Մինսկի խմբի անհրաժեշտությունն ինքնին վերանում է»,- ասաց նա: