Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակն է մինչև 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակումը, ինչպես նաև իրավական հիմքերի ստեղծումը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ին հրավիրված հերթական նիստի ընթացքում:

Հիմնական զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով առաջարկով հանդես գալը պայմանավորված էր հանրության շրջանում բավականին մեծ անհանգստությամբ` կապված դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների մասսայական օգտագործման հետ:

Ըստ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ դեռահասների 40 տոկոսը շաբաթական օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ նրանց առողջության վրա:

Պատգամավորի դիտարկմամբ՝ դրանց սահմանափակման համար մի շարք երկրներ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել են: Ուստի, վերոնշյալ նախագծով առաջարկվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելել մինչև 18 տարեկան անձանց և սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը: Նախագծով առաջարկվում է նաև արգելել մինչև 18 տարեկան անձանց համար ալկոհոլային խմիչքների վաճառքը: Հեղինակներն առաջարկում են վարչական պատասխանատվություն կիրառել նշված արգելքները խախտելու համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով Կառավարության առաջարկը, նշել է, որ եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից, արդյունքում օրենսդրական փաթեթը լրամշակվել է:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարևորել են օրենքի նախագծի ընդունումը:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ