Մեր առաջարկը վերաբերում է սահմանների անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն․ Փաշինյանը՝ Բաքվին արված առաջարկների մասին

Ադրբեջանին Հայաստանը սահմանային վիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկներ է փոխանցել։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Թեմայի վերաբերյալ այսօրվա առցանց ասուլիսում հարց հնչեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետևյալի մասին․ գիտեք, որ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը տանել դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսքը զորքերի հայելային հետքաշման մասին է։

«Հայաստանում անընդհատ տարբեր մեկնաբանություններ են արվում այդ թեմայի հետ կապված։ Առնվազն ճիշտ չէ բովանդակության մանրամասների մասին չիմանալով՝ անել մեկնաբանություններ։ Տպավորություն է, թե մենք առաջարկում ենք սահմանները թողնել առանց պահպանության։ Բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող։ Մեր առաջարկը վերաբերում է սահմանների անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն:

Կա Ադրբեջանի հրապարակային արձագանք, և կա հրապարակային պատասխան։ Ադրբեջանը առաջարկների փաթեթին արձագանքել էր, ասել, որ դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է տեղի ունենան առանց նախապայմանների, ինչին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց, որ այդ հարցում ՀՀ-ն որևէ նախապայման չունի, խոսքը պայմանավորվածության մասին է, ընդ որում՝ այս առաջարկությունները տարբեր քննարկումների արդյունքում են ծնվել։

Մենք չենք փորձել փաստաթուղթ ձևավորել, որն արտահայտում է զուտ Հայաստանի տեսակետը։ Փորձել ենք քննարկումներից ռացիոնալ առաջարկներ դուրս բերել և ձևակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ։ Հիմա քննարկումները շարունակվում են»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի:

«Այն պայմանավորվածությունները, որը ձեռք ենք բերել, ինչքան շուտ իրականացվեն, այնքան լավ։ Բայց հիմա մենք աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա»,- հավելեց վարչապետը:

Related posts

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժին՝ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Կիրանցում իրավիճակը կրկին լարվեց, ոստիկանները մեքենաները հրելով փորձում են բացել ճանապարհը

Շահումով խաղերի կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր կարգավորում