Մենք չհասանք ցանկալի արդյունքների, բայց չենք նահանջում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը տեղափոխվել է նոր փուլ, և խոստովանել է, որ ամառային հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը չկարողացան հասնել պլանավորված նպատակներին՝ Կիևին զենքի և ցամաքային զորքերի մշտական ​​պակասի պատճառով: Սակայն, ըստ Զելենսկու, դա չի նշանակում, որ Ուկրաինան պետք է հանձնվի։

«Մենք պատերազմի նոր փուլում ենք, և դա փաստ է»,- ասել է նա՝ Խարկով կատարած այցի ժամանակ ու հավելել. «Ձմեռն ինքնին պատերազմի նոր փուլ է, և այն կբարդացնի մարտական ​​գործողությունները»:

Ինչպես գրում է գործակալությունը, ձմռան սկսվելուն պես ուկրաինական հրամանատարությունը բախվում է նոր, բայց արդեն ծանոթ խնդիրների՝ ցածր ջերմաստիճան, մերկ դաշտեր, որտեղ զինվորականները թաքնվելու տեղ չունեն։

Կրկին առաջացել է ռուսական լայնածավալ հարձակումների վտանգն Ուկրաինայի քաղաքների էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Զելենսկու խոսքով՝ ձմռանը մարտեր են ընթանում ոչ միայն առաջին գծում, այլև քաղաքների ներսում։ Միաժամանակ սպառվում են զինամթերքի պաշարները, ինչը կարող է կաթվածահար անել ուկրաինացի զինվորականների ռազմական գործողությունները։

Երկար սպասված հակահարձակումը, որը սկսվեց տասնյակ միլիարդավոր դոլարների արևմտյան ռազմական օգնության տրամադրումից հետո, չհանգեցրեց սպասվող բեկումներին, հիշեցնում է AP-ն։ Այժմ որոշ ուկրաինացի պաշտոնյաներ մտահոգված են, որ հետագա օգնությունը կարող է նույնքան առատաձեռն չլինել:

Ուկրաինայի նախագահը, սակայն, չի կորցնում լավատեսությունը: Նա ընդունում է, որ չեն հասել ցանկալի արդյունքներին, բայց Ուկրաինան չի պատրաստվում նահանջել:

Զելենսկին որոշել է պաշտպանական կառույցներ տեղադրել Դոնբասից մինչև երկրի արևմտյան շրջաններ, ուժեղացնել դիրքերն Ավդեևկայի, Մարյինկայի, Կուպյանսկի, Լիմանի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում: Բացի այդ, նա նախատեսել է կառույցներ տեղակայել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի ողջ երկայնքով։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են