Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է եղել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին:

Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել: Նախորդ տարի մրցաշարին 251 դպրոցի 1984 աշակերտ է մասնակցել:

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցն ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչն ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները:

Վարչապետը պարգևները հանձնել է առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի մարզի թիմին, երկրորդ տեղը զբաղեցրած Շիրակի մարզի թիմին պարգևները հանձնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Վայոց ձորի թիմին պարգևները հանձնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին արդեն շարունակական դարձող տոնի առիթով և նշել, որ կարևորում է այս մրցաշարերը, քանի որ դրանք այլ դիտանկյունից նայելու հնարավորություն են տալիս: Նիկոլ Փաշինյանի խոսքով, «Վարչապետի գավաթի» մրցաշարերը՝ վազքը, սեղանի թենիսն ընդգծում են թիմային տրամաբանությունը: «Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թիմային մարդիկ չենք, թիմային տրամաբանություն չունենք, և նաև այս մրցաշարերն արվում են դա հերքելու համար, որովհետև մենք այստեղ տեսնում ենք հրաշալի թիմեր, հրաշալի համախմբվածություն և հրաշալի աշխատանք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար և նշել, որ այս մրցաշարերը նաև հարգանքի տուրք են ուսուցիչների կատարած աշխատանքին: Կարևորելով մարմնակրթության դերը՝ վարչապետը նշել է, որ օրերս Ջրառատում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոցը, առաջիկայում սպասվում է Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցի, Մալխաս և Ռոման Ամոյանների անվան դպրոցի բացումը: «Սա մեր կրթության ռազմավարության մասն է, որովհետև մարմնակրթությունը կրթության անբաժանելի մասն է»,- հավելել է վարչապետը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան