Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ. Փաշինյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր նախընտրական քարոզարշավ է անցկացնում Կոտայքի մարզում: Փաշինյանը Եղվարդ համայնքում ելույթում անդրադարձավ երեկ Հայաստան վերադարձած 15 գերիների թեմային: «Երեկ մեր հանրությունը ուրախություն էր ապրում՝ կապված մեր գերեվարված տղաների վերադարձի հետ, բայց ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր դրա հետ կապված։ Այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձնել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել՝ ինչ ունենք, վերադարձվել է, ամենևին այդպես չէ, վերադարձվել է փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ոչ շոշափելի մասը։ Այսինքն շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել»,–ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակությամբ քարտեզներ փոխանակվել են։ «Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ, և մենք էլի քայլի դիմաց պատրաստ ենք անել քայլ։ Տեսնելով, որ գերիների վերադարձը դադարեցրեց Ադրբեջանը, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների վերադարձը, եթե գերիների վերադարձը դադարեցված չլիներ, Ադրբեջանում այդքան զոհ չէր լինի ականների վրա»,–ասաց նա։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ միջազգային գործընկերները հավաստիացրել են, որ իրենց ջանքերը կրկնապատկելու են, եռապատկելու են, որպեսզի գերիների վերադարձի պրոցեսը մինչև վերջ գնա։

Related posts

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափ. օգնության են հասել փրկարարները

Կլինեն հոսանքազրկումներ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ