Մենք կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա. Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում բացվել է նորակառույց և բազմապրոֆիլ բժշկական նոր կենտրոն` հագեցած ժամանակակից սարքավորումներով։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, կենտրոնում առկա են վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի, անհետաձգելի բուժօգնության ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություն։
Մարտունու 79-մահճակալանոց ստացիոնար կենտրոնը և պոլիկլինիկան կսպասարկեն 88 հազարից ավելի բնակչություն՝ տրամադրելով որակյալ բուժօգնություն։
Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ Կառավարության հնգամյա ծրագիրը և առողջապահական ոլորտի զարգացման ռազմավարությունը հստակ ձևակերպել են համակարգի զարգացման ուղեծիրը, և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական։
«‎Այս կենտրոնի բացումով Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր հիվանդանոցային հաստատությունները կլինեն արդիականացված։ Հաջորդիվ մենք կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա»‎,- նշել է նախարարը։
Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։

Related posts

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ

Մոսկվան Կիևին առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցություններ

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին