Մենք աջակցում ենք հայ-թուրքական երկխոսությանը. Սերգեյ Լավրով

Ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասպանել է «3+3» ձևաչափի, Վրաստանի՝ դրան չմասնակցելու և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ հարցերին:
«Այդ ջանքերին (հայ-թուրքական երկխոսության – խմբ.) մենք աջակցում ենք և մասնակցում դրանց: Դրանք նպաստում են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը: Նաև նպաստում են, որպեսզի դեռևս պահպանվող քաղաքական հակասությունները լուծվեն ավելի ակտիվորեն, ավելի արդյունավետ՝ ներառելով նաև տնտեսական համագործակցությունը տարածաշրջանի երեք երկրների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: «3+3» ձևաչափին մենք աջակցություն ենք հայտնել, երբ դրա մասին առաջին անգամ խոսեցին նախագահ Ալիևը և նախագահ Էրդողանը՝ այնտեղ տեսնելով միավորող մեծ ներուժ: Մենք, գաղափարը հնչելուց հետո՝ ընդհուպ Մոսկվայում հանդիպում կազմակերպելը, ջանք էինք գործադրում, որպեսզի մեր վրացի գործընկերները նույնպես ներգրավվեն այդ գործընթացում»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ այդ շփումները թույլ կտային ավելի հեշտ հարթել առկա խնդիրները: «Մեր վրացի գործընկերների հետ այժմ երկխոսում ենք Ժնևյան գործընթացի շրջանակում, ինչպես նաև Մոսկվայի և Թբիլիսիի միջև վերջերս ստեղծված ոչ պաշտոնական խողովակներով: Իսկ «3+3» ձևաչափում մեկնարկած գործընթացներն ընդգրկում են ամբողջ տարածաշրջանի զարգացմանն առնչվող հարցեր: Այժմ, երբ անցած տարվա արյունալի բախումներից և մարտերից հետո (նկատի ունի 2020 թ. 44-օրյա պատերազմը – խմբ.) ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ստորագրեցին համաձայնությունները, որոնք առնչվում են այդ տարածաշրջանում թշնամական գործողությունների ավարտին, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, բոլոր ուղիների ապաշրջափակմանը, իհարկե, դա բացում է նոր հնարավորություններ, որոնցում հետաքրքրված են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և, համոզված եմ, նաև Վրաստանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա կարծիք է հայտնել, որ Վրաստանին ձեռնտու կլինի միանալ այդ ձևաչափին՝ պայմանավորվելով, որ այնտեղ քննարկվելու են միայն այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրում են առանց բացառության բոլոր կողմերին: «Քանի որ մեր և Վրաստանի միջև այժմ դիվանագիտական հարաբերություններ չկան՝ Վրաստանի նախաձեռնությամբ, մենք Թուրքիային, Ադրբեջանին և Հայաստանին խնդրել ենք, որպեսզի նրանք մեր վրացի հարևաններին բացատրեն բոլորիս համար այդ ձևաչափին միանալու շահավետությունը»,- ասել է Լավրովը:
«Ռուսաստանն օգնել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայացուցիչներ նշանակելու համաձայնություն ձեռք բերվի: Նրանք արդեն նշանակվել են, և մենք ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերը կողմերի միջև անմիջական երկխոսության մեկնարկին աջակցելն է, հուսամ՝ դա կհաջողվի»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը:

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ