Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողներին կաշառք տված քաղաքացիներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և տալու դեպքեր:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2021 թ. նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պարեկը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում կանգնեցրել է չամրակապված և ոչ սթափ վիճակում երթևեկող Ստյոպա Կիրակոսյանի ավտոմեքենան: Վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու նպատակով Ս. Կիրակոսյանը մի քանի անգամ պարեկին որպես կաշառք առաջարկել է գումար, սակայն վերջինս մերժել է վարորդի առաջարկը՝ քանիցս զգուշացնելով, որ ոստիկանության աշխատակցին կաշառք առաջարկելը քրեորեն պատժելի արարք է: Ս. Կիրակոսյանը, սակայն, շարունակել է պնդել իր առաջարկը, որից հետո կաշառք առաջարկելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
ՀՀ ոստիկանության աշխատակցին կաշառք տալու փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մյուս քրեական գործով հիմնավորվել է, որ Գեղամ Նազարյանը կաշառք է տվել ՀՀ ոստիկանության պարեկին, սակայն վերջինս հրաժարվել է այն վերցնելուց և իր ծառայակցի հետ բերման է ենթարկել Գ. Նազարյանին:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պարեկները Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ավտոմեքենայի դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար կանգնեցրել են Գեղամ Նազարյանի վարած տրանսպորտային միջոցը: Ստուգման արդյունքում տեսուչները պարզել են նաև, որ Գ. Նազարյանն ավտոմեքենան վարել է առանց սահմանված կարգով տեխնիկական զննություն անցնելու և ԱՊՊԱ պայմանագրի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու համար Գ. Նազարյանը 20 000 ՀՀ դրամ է դրել պարեկի գրպանը, որից հետո, սակայն, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ստյոպա Կիրակոսյանին և Գեղամ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը) մասով:
Երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատախազին՝ դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք՝ կաշառք տալը (առաջարկելը), համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի, նույնպես համարվում է քրեորեն հետապնդելի արարք, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Related posts

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին

Գյումրեցի մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Ո՞վ է հետևում լրագրողական էթիկային. ո՞ւր դիմել խախտումների դեպքում