«Մարտունի» ԲԿ-ում աղիքային վիրուսային վարակների նկատմամբ իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են Norovirus-ներ

Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում «Մարտունի» ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ)` 14 պացիենտ ( 13-ը՝ 1-4 տարեկան երեխա, 1-ը՝ մեծահասակ): Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 2 պացիենտ, ովքեր գտնվում են տանը՝ հիվանդության թեթև ընթացքով: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Պացիենտներն ընդունվել են «Մարտունի» ԲԿ «օբստրուկտիվ բրոնխիտ» և «բրոնխոպնևմոնիա» ախտորոշմամբ, սակայն վերջիններիս մոտ սկսվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, ինչը վկայում է ներհիվանդանոցային վարակի արձանագրման մասին։

Հունիսի 16-ի դրությամբ`«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ընդունված 14 պացիենտից 3-ը դուրս է գրվել:

«Մարտունի» ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են ջրի նմուշներ, լվացուկներ`ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ, ինչպես նաև բուժանձնակազմից նմուշներ՝ ստաֆիլակոկակրության և մանրէակրության նկատմամբ։ Մանրէակրության վերաբերյալ նմուշառվել են նաև բաժանմունքում բուժում ստացող երեխաներ և խնամակալ:

Հետազոտությունների արդյունքում`պացիենտների մոտ հայտնաբերվել է Կլոստրիդիում Դիֆիցիլէի տոքսին և հարուցչի հակածին, իսկ աղիքային վիրուսային վարակների նկատմամբ իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում` «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոնում հայտնաբերվել են նաև Norovirus-ներ:

Ներհիվանդանոցային վարակի արձանագրման կապակցությամբ բժշկական կենտրոնում իրականացվել է սանիտարահամաճարակային ռեժիմի, ինչպես նաև վարակի հսկողության գործընթացների ներդրման ուսումնասիրություն:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավանական փոխանցման մեխանիզմը կոնտակտային է, քանի որ ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

հետևել ձեռքերի հիգիենային, հաճախակի լվացվել` հատկապես սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո,

բժշկական կազմակերպություններին բարձրացնել զգոնությունը ԲԿ-ներում շրջակա միջավայրի ախտահանման, անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործման, ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ,

ձեռքերը լվանալ հոսող ջրով և օճառով հիվանդի հետ ֆիզիկական շփումից առաջ և հետո, բուժհիմնարկում համակարգչային ստեղնաշարի օգտագործումից առաջ և հետո, սնունդ պատրաստելուց և բաժանելուց առաջ, սնվելուց առաջ, դեղորայք բաժանելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո, բոլոր այն դեպքերում, երբ ձեռքերը տեսանելիորեն աղտոտված են, ձեռնոցներ հագնելուց առաջ և հանելուց հետո,

սննդամթերքն (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում