«Մարտի 1»-ի գործը մոտ 800 հատորից է կազմված․ Վարդապետյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ դատախազության 2022-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանը անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ «Մարտի 1»-ի գործի մասով հարցին, տեղեկացրեց, որ 800 հատորից կազմված գործն այս պահին մեկ քննիչի վարույթում է, և յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է իր մոտ:

«Վարույթներով կան ժամկետներ, ըստ ժամկետների հրատապության՝ այդ դրվագները քննարկվում են»,- ասաց Աննա Վարդապետյանը:

Ըստ գլխավոր դատախազի՝ տարեկան հաղորդման նախագծի վերջնական տարբերակում չեն ներառվել «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերի վերաբերյալ տվյալներ, քանի որ բովանդակային առումով ԱԺ-ին և հասարակությանը դեռ ասելիք չունեն:

Գլխավոր դատախազը նաև գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, քանի որ այդ ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն անհնար է:

«2023-ի հաղորդման մեջ մենք 800 հատորի վերաբերյալ ոչ ամբողջությամբ, բայց առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրած կլինենք»,- ասաց Վարդապետյանը:

Աննա Վարդապետյանը նաև նշեց, որ «Հոկտեմբերի 27»-ին գործի վարույթին ֆիզիկապես դեռ չի հասցրել անդրադառնալ, քանի որ 8 ամիս է՝ ինչ պաշտոնավորում է, և «Հոկտեմբերի 27»-ի գործին խոստացավ անդրադառնալ տարվա երկրորդ կեսին:

«Այս երկու գործերից «Մարտի 1»-ն ամենաառաջնայինն էր ինձ համար՝ հաշվի առնելով ժամկետների առկայությունը: Նոր Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են քրեական հետապնդման ժամկետներ, ուստի դրանով են պայմանավորված առաջնահերթության կարգով հենց մարտի 1-ի դրվագների ուսումնասիրությունը և պարբերաբար զեկուցումն ու քննարկումները»,- ասաց Վարդապետյանը:

Related posts

Արդյունավետ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը

Նիդերլանդների վարչապետի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության հետագա զարգացման քայլերը. Նիկոլ Փաշինյան