Հեղաշրջման կոչեր հնչեցրած Աջապահյանը, նախապես գիտենալով, որ իրավապահները գալու են քննչական գործողություններ կատարելու, փախնում է Մայր Աթոռ։ Այս մասին գրել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` նշելով, որ Մայր Աթոռը քաղաքական պայքարի հենակետ դարձնելը սրբապղծություն է:
«Պատսպարվում է Մայր Աթոռում և այն դարձնում վահան՝ ընդդեմ պետության։
Այս նույն ընթացքում, ընդդիմադիր ահաբեկիչները կոչ են անում մարդկանց մեկնել Մայր Աթոռ և պաշտպանել այն իրավապահներից։ Ստեղծում են արհեստական կոնֆլիկտ, որ ստանան այդքան երազած բախումը։
Կտրիճ Ներսիսյանը Մայր Աթոռը դարձնում է քաղաքական պայքարի գործիք և ահաբեկչական գործողությունների հենակետ՝ ընդդեմ պետության։
Պետությունը պետք է պաշտպանի իրավակարգը և ժողովրդին՝ ահաբեկիչներից և հանցագործ տարրերից։ Մայր Աթոռը քաղաքական պայքարի հենակետ դարձնելը սրբապղծություն է։
Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Կոնջորյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում իրավիճակը լարված է: Այնտեղ են իրավապահները՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել է, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել է վեհարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։