Մայրության և գեղեցկության այս օրը թող լավատեսության ու գարնան մի նոր էջ բացի մեր երկրի համար. ՀՀ վարչապետի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով, որը կանանց մեկամսյակի գագաթնակետն է:

Հայաստանը, թերևս, բացառիկ երկիր է կանանց մեկամսյակի գոյության իմաստով:

Այսպես ստացվել է հանգամանքների բերումով, բայց սրա մեջ արդիական մեծ օրակարգ կա, որովհետև մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են:

Այո՛, այս մեկամսյակին մենք ընդգծում ենք գեղեցկությունը, ընդգծում ենք սերը, ընդգծում ենք հարգանքը: Բայց հատկապես այս տարի ուզում եմ ընդգծել ուժը, ուզում եմ ընդգծել պոտենցիալը, ուզում եմ ընդգծել վճռական դերը, ուզում եմ ընդգծել որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կանանց լիարժեք ներգրավվածություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից սկսած, շարունակած հանրային կառավարման, իրավապահ, անվտանգային ոլորտներով, որովհետև եթե այս ոլորտներում կանանց պոտենցիալը չներգրավենք, նշանակում է երկրի զարգացման առանց այն էլ սահմանափակ հնարավորությունները կիսատ ենք օգտագործում:

Ու եթե սրան գումարենք նաև ժողովրդագրական խնդիրների լուծման առումով կանանց բացառիկ դերակատարումը, առավել պարզ կդառնա, թե ինչու եմ ասում, որ մեր իրավիճակի հաղթահարման գործում կանանց դերը վճռական է:

Այդ վճռական դերը կյանքի կոչելու հնարավորություն տալն է մեր Կառավարության քաղաքականությունը, և հույս ունենք ստանալ ձեր գործնական աջակցությունը:

Այսօրվա առիթով խոնարհումի ամենաջերմ խոսքեր եմ հղում հանուն Հայրենիքի պաշտպանության նահատակված մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին և ընդգծելով, որ նրանք այսօրվա իմ ասելիքի լիարժեք հասցեատեր են, և մեր նահատակների անկատար նպատակների իրագործումը պետք է ապրելու, արարելու խթան լինի նաև նրանց և մեր բոլորի համար:

Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր. Մայրության և գեղեցկության այս օրը թող լավատեսության ու գարնան մի նոր էջ բացի մեր երկրի համար»:

Related posts

ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ

Տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպումը. ստորագրվել է արձանագրություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է իր կողմնակիցների հետ