Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ալբերտ Ղուլյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով տեղեկացնում է, որ մարտի 12-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գարեգինի Ղուլյանը։

Ալբերտ Ղուլյանը ծնվել է 1938թ․ մայիսի 2-ին՝ Արցախի Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում: 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնից՝ որպես լաբորանտ: Նույն թվականին տեղափոխվել է ՀՍՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ։ 1978թ․-ից մինչև կյանքի ավարտն Ալբերտ Ղուլյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիան:

Ալբերտ Ղուլյանի գիտական հետազոտությունները կապված են անտենաների բնութագրերի ուսումնասիրության ճշգրիտ մեթոդների մշակման հետ՝ հիմնված հաճախությունների լայն տիրույթում տիեզերական աղբյուրների աղմկային ռադիոճառագայթման ընդունման սահմանային զգայնությամբ ընդունիչ սարքերի և համակարգերի նախագծման և իրականացման վրա:

Նրա ղեկավարած լաբորատորիայում մշակվել են նոր մեթոդներ, որոնք ապահովում են անտենաների բնութագրերի չափման մեծ ճշգրտություններ, ստեղծվել են բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգեր, հրապարակվել է ավելի քան 250 գիտական աշխատանք և ստացվել 30 գյուտի վկայագիր։ Լաբորատորիայում ստեղծված նոր, ռադիոաստղագիտական մեթոդների և զգայուն ընդունիչ սարքերի միջոցով մեծ ճշգրտությամբ չափվել են նախկին Խորհրդային Միության տիեզերական կապի նպատակով ստեղծված բոլոր անտենաների բնութագրերը:

Ակադեմիկոս Ղուլյանը զգալի ավանդ է ունեցել երիտասարդ կադրերի պատրաստման գործում: 1975թ.-ից նա դասախոսել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:

Ալբերտ Ղուլյանն արժանացել է ՀՍՍՀ Պետական մրցանակի գիտության և տեխնիկայի ոլորտում։ 2000թ.-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2010թ.-ին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2014թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Հանրապետության սահմանների պահպանության տեխնիկական վերազինմանը միտված Ղուլյանի ղեկավարած գիտական խմբի կատարած աշխատանքների շարքն արժանացել է 2011թ. հանրապետության Նախագահի մրցանակին:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Ալբերտ Ղուլյանի ընտանիքին, մերձավորներին և ընկերներին։ Մեծ գիտնականի, շիտակ, ազնիվ ու համեստ մարդու հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Ալբերտ Ղուլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 14-ին՝ ժամը 18։00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ, Կոզեռնի փող., 15 շենք), իսկ hուղարկավորությունը՝ մարտի 15-ին՝ ժամը 12։00-ին, նույն վայրից։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում