ՄԱԿ-ում քննարկվել է ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության հարցը

Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստական գործընթացի շրջանակներում 2026թ. հունիսի 9-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ինտերակտիվ լսումներին` որպես նշյալ հարցով Քաղաքական հռչակագրի մշակման բանակցությունները համակարգող, հայտնում են ներկայացուցչությունից։
Լսումներին մասնակցել են ՄԱԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, ՄԱԿ կառույցների, քաղաքացիական հասարակության, երիտասարդական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով մտքեր փոխանակել ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության ամրապնդման վերաբերյալ։
Իր եզրափակիչ խոսքում դեսպան Հովհաննիսյանը կարևորել է բազմակողմ համագործակցությունը, առողջապահական գործիքների հավասար հասանելիությունը, համայնքների ներգրավվածությունը, առողջապահական համակարգերի դիմակայունությունը և կայուն ֆինանսավորումը։ Նա նաև ընդգծել է ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորությունը` առանձնանշելով, որ այսօր կատարվող ներդրումները վաղը վերածվեն ազգային կարողությունների ամրապնդման։
«Այսօրվա ներդրումները կարող են ապագայում ոչ միայն կյանքեր փրկել, այլև նվազեցնել ծախսերը», – նշել է դեսպան Հովհաննիսյանը։
Լսումների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու նկատառումները կնպաստեն Քաղաքական հռչակագրի նախագծի ամբողջացմանը՝ միջկառավարական բանակցություններին ընդառաջ։

Related posts

ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդները