ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը, որ ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս – Բաղանիս Այրում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա, Կիրանց – Խեյրումլի և Բերքաբեր – Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող՝ իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

Related posts

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնախցիկը, որում հերոին է հայտնաբերվել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

Վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ․ Բագրատ Սրբազան