Ձյուդոիստ Աշիկ Անդրեյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերի հաղթող

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են նաև Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռիմա Խլղաթյանը սեղանի թենիսի մրցումներում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ազատ ոճային ըմբիշները 5 մեդալ էին նվաճել Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ էին նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել էին արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ:

Նշենք՝ չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Մասնակից երիտասարդները մրցելու են մշակույթի և սպորտի տարբեր ուղղություններով, լավագույններն արժանանալու են մրցանակների:

Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին: Մեր երկրի ներկայացվածությունը խաղերին նպաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության զարգացմանը և խթանում համատեղ նոր ծրագրերի իրականացումը:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի