Հրամանատարը յուրացրել է զորամասին հատկացված դիզվառելիքը. դատախազը միջնորդել է քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ս.Ե.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված ընդհանուր 2 մլն 441 հազար 985 դրամ արժողությամբ 4515 լիտր ավտոբենզինի և 3710 լիտր դիզելային վառելանյութի կտրոնները:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս.Ե.-ն, պաշտպանության նախարարի 2016 թվականի հրամանով նշանակված լինելով N զորամասի հրամանատար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի ու դիզելային վառելանյութի կտրոնները խոշոր չափերով յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ՝ 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարը՝ քննությամբ չպարզված օրերին, ապօրինաբար, առանց փաստաթղթավորման զորամասի գույքային ֆոնդից դուրս է բերել և յուրացրել է նույն զորամասին հատկացված, իրեն վստահված 4515 լիտր «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի և 3710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ, որոնց մի մասը հանձնել է որպես բնակարանի վարձակալության վճար, իսկ յուրացրած կտրոնների մի մասն էլ վաճառել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի, ընդհանուր՝ 2 մլն 441 հազար 985 դրամի գույքային վնաս։

Նշվածը հաստատվել է Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի նոյեմբերի 16-ի մեղադրական դատավճռով (նախաքննության ընթացքում զորամասի հրամանատարը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունք, զղջացել է կատարած արարքի համար և վերականգնել պետությանը պատճառված վնասը՝ 2 մլն 442 հազար դրամի չափով):

Հսկող դատախազը միջնորդել է Պաշտպանության նախարարությանը դիտարկել զորամասի հրամանատարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան