Հրաձգային վաշտի հրամանատարը 2020թ․ նոյեմբերի 2-ին մարտական դիրքի անձնակազմին հրամայել է նահանջել. գլխավոր դատախազություն

ՊԲ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար Վ.Հ.-ն, ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների պայմաններում՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ին, չունենալով զբաղեցված մարտական դիրքերից նահանջելու վերաբերյալ ավագ պետի հրամանը կամ թույլտվությունը, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմին անհիմն հրամայել է նահանջել, ինչի հետևանքով անձնակազմը լքել է մարտական դիրքերը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Այնուհետև, Վ.Հ.-ն, «ձախ ծնկան հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, այտուցի ձևով» թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք ստացած լինելու պատրվակով, դիմել է բուժօգնության և մի քանի օրով ազատվել ծառայողական պարտականությունների կատարումից:

Ապաքինվելուց և շարք վերադառնալուց հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, Վ.Հ.-ն, տեղեկանալով, որ վաշտի անձնակազմի հետ մեկնելու է մարտական առաջադրանք կատարելու, փորձել է համոզել սերժանտ Ա.Մ.-ին՝ արհեստական եղանակով վնաս պատճառել իր առողջությանը. սերժանտ Ա.Մ.-ից մերժում ստանալուց հետո՝ Վ.Հ.-ն որոշել է ինքնուրույն անդամախեղում կատարել: 2020 թվականի նոյեմբերի 6-ին, դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհով ընթանալու ժամանակ, Վ.Հ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է իր աջ ազդրին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

ՀՀ ՊԲ հրամանատարի 2021 թվականի փետրվարի 16-ի հրամանով՝ Վ.Հ.-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

2023 թվականի հուլիսի 22-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը) և 363-րդ հոդվածի 5-րդ մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը):

2023 թվականի օգոստոսի 1-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում